Ոչ մի կոպեկ, ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի եղել․ Սամվել Դանիելյան
Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը պարզաբանել է երեկ՝ հուլիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հայտարարությունը:
«Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դանիելյանը:
Դանիելյանն ընդգծել է, որ կետ առ կետ կան այն բոլոր գումարների հաշվետությունները, որոնց մասին խոսվում է, և իրենք կարող են պատասխան տալ, թե ինչի համար և ինչպես են այդ գումարները ծախսվել:
Դանիելյանի խոսքով՝ այն հիվանդները, ովքեր այս պահին պառկած են կենտրոնում, նույնպես անհանգստացած են տարածվող լուրերի պատճառով:
«Մեր հիվանդները պետք է իմանան, որ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի եղել»,- ասաց Դանիելյանը:
Դանիելյանը շեշտեց, որ իրենք ենթարկվում են Առողջապահության նախարարությանը և բոլոր գնումները, որոնք արվել են, անպայման իրականացվել են միայն տնօրենների խորհրդի, ինչպես նաև գերատեսչության ղեկավարության իմացությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:
Դատախազությունը հայտնել է նաև թվով 45 հիվանդության հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ամբողջությամբ տրամադրված չլինելու կամ մասնակի տրամադրված լինելու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու մասին:
Մի շարք ուղղություններով առերևույթ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում: Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր այս գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Կարծիքներ