Հայաստանն ու Գերմանիան քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգի հարցեր

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգի հարցեր

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Գերմանիայի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային, ակտիվ փոխայցելություններին և հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք խթան են հանդիսացել երկկողմ քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու և տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները բացահայտելու համար։

Կողմերը կարևորել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և այլ ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանականների միջև ակտիվ շփումներին ու այցելություններին։

Երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական կապերը զգալի աճը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանՀայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացներում վերջին զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում