«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է 9-րդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է իններորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահվան ելքով դեպքերի թիվը՝ վեցերորդ շաբաթն անընդմեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Կորանվիրուսի համավարակն առավել ինտենսիվ է դառնում աշխարհում: Հիվանդացության դեպքերի թիվն աճում է իններորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահվան դեպքերինը՝ վեցերորդ շաբաթն անընդմեջ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է վարակման գրեթե նույնքան դեպք, որքան համավարակի առաջին հինգ ամսվա ընթացքում:
Ինչպես Գեբրեյեսուսն ընդգծել է, «որոշ տարածաշրջաններում արձանագրվել է վարակման և մահվան դեպքերի աննշան նվազում», սակայն շատ երկրներում նկատվում է «Քովիդ-19»-ի տարածման ինտենսիվություն: Մասնավորապես, դրությունը ծանր է Հնդկաստանում:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ասիական երկրում հինգերորդ օրն անընդմեջ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկօրյա դեպքերի հակառեկորդային ցուցանիշ:
Worldometers.info կայքի տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 148 մլն-ը, մահացածներինը՝ 3,1 մլն-ը:
Կարծիքներ