Տավուշի դպրոցներում նոր կրթական չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

Տավուշի դպրոցներում նոր կրթական չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տավուշի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի և «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սեպտեմբերի 1-ից առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: «Հանդիպման նպատակը հիմնական անելիքները, աշխատանքների ժամկետներն ու դրանցով պայմանավորված հնարավոր խնդիրները նախանշելն է: Նոր չափորոշչի փորձարկումը բազմաբաղադրիչ գործընթաց է՝ տարբեր հարցերով ու նրբություններով: Սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար այս փուլում գործողությունները ճիշտ պլանավորելը կարևոր է»,- նշել է նախարարի տեղակալը:

Մինչև սեպտեմբեր Տավուշի մարզի բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցիչները ԵՄ դրամաշնորհային ծրագրով կվերապատրաստվեն: ԲՏՃՄ առարկայական բնագավառի վերապատրաստումներն իրականացվելու են «ԱՅԲ» հիմնադրամի, հումանիտար-հասարակական ուղղությամբ` ԿԶՆԱԿ-ի կողմից: Վերապատրաստումներ կիրականացվեն նաև դպրոցների տնօրենների և վարչական աշխատակիցների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնը դպրոցներում Մասնագիտական կողմնորոշման ակումբների ներդրման պատասխանատուն է, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն աջակցություն է ցուցաբերում տեղայնացման խնդիրներին: ԿԶՆԱԿ-ը, բացի վերապատրաստումներից, իրականացնելու է նաև ուսումնական նյութերի մշակման աշխատանք: Բացի հիմնական անելիքներից՝ կան նաև ընթացիկ խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում: Օրինակ, Տավուշի մարզի որոշ դպրոցներում չկան ինֆորմատիկայի ուսուցիչներ, և այդ բացը հնարավոր է լրացնել դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբակավարների միջոցով:

«Նախարարությունն այժմ հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար: Որպես գործընթացի համար պատասխանատու կողմեր՝ անպայման առաջարկում եմ ուսումնասիրել նախագիծը, դիտողություններ և առաջարկներ ներկայացնել, եթե կլինեն»,- դիմելով մասնակիցներին` ասել է Ժ.Անդրեասյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև փորձարկվող դասարանների վերապատրաստվող ուսուցիչների խմբերի ձևավորմանը: Ըստ նախարարի տեղակալի` այս գործընթացը պետք է կազմակերպել այնպես, որ զուգահեռաբար ընթացող պարտադիր ատեստավորման վերապատրաստումների հետ չհատվի: Նշենք, որ չափորոշչի ներդրման աշխատանքային քննարկումները պարբերական են լինելու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում