Էրդողանը մեկնաբանել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող վերջին զարգացումները
Էրդողանը նշել է, որ Թուրքիան երկու հարևան պետությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս ունի։
Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում, որոնք նրան ուղեկցել են ԴՀ Կոնգո և Սենեգալ կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Անկարան ուշադիր հետեւում է Ուկրաինայի շուրջ բոլոր գործընթացներին։
«Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը ես անձամբ եմ ընդգծել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ Մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու Մինսկի պայմանավորվածություններին հակասող որևէ նախաձեռնություն։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզնից՝ դիվանագիտական և երկխոսության ճանապարհով ճգնաժամը լուծելու համար, որպեսզի կանխենք իրավիճակի հետագա սրումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը Մոսկվայի և Կիևի հարաբերություններում ստեղծված ճգնաժամը անվանել է սպառնալիք Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
«Առաջիկա օրերին մենք այդ հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացնենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»,- ասել է նա։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել տեսակոնֆերանսի միջոցով, Էրդողանը նշել է, որ դաշինքի երկրների ղեկավարներից ոչ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկել էսկալացիան նվազեցնելու համար։
Կարծիքներ