Իրավիճակի հաղթահարման միակ երաշխիքը մեր անհատական վարքագիծն է. վարչապետ
Կորոնավիրուսային իրավիճակում ամենամեծ խնդիրն այս պահին անորոշությունն է: Այն, որ, ըստ որոշ գնահատականների, ներկա պահին շատ թե քիչ հարաբերական կայուն իրավիճակ է երկրում, չկա երաշխիք, որ այն կպահպանվի:
Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ իրավիճակը գլխիվայր կպպտվի: Մենք ամեն օր լարվածությամբ սպասում ենք գիշերվա ժամը 12-ին, տեսնենք, թե քանի դեպք է արձանագրվում: Չկա երաշխիք, որ մենք մի X պահի չենք ունենա, 800, 900, 1000 դեպք:
Միակ երաշխիքը մեր անհատական վարքագիծն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հավատա իր անհատական վարքագծի ազդեցությանն ընդհանուր իրավիճակի վրա: Սա է միակ ելքը, որպեսզի մենք ստիպված չլինենք գնալ ավելի ցնցումային լուծումների»,-ասաց վարչապետը:
Եթե նույնիսկ համատարած արգելափակումներ հայտարարվեն, խնդիրը չի լուծվի: Այսօր, ըստ Նիկոլ Փաշինյանի, Երևանում կան շենքեր, որտեղ մի ամբողջ բնակավայրի չափ մարդ է ապրում: Եվ այդ շենքերի միջշքամուտքային տարածքներում առկա է այնպիսի հաղորդակցություն, ինչպիսին կա Հայաստանի ամենամեծ գյուղերում:
«Այս ամենը վերահսկել հնարավոր չէ: Նույնիսկ վարչական ամենախիստ միջոցների կիրառման պայմաններում վճռական գործոն է մնում յուրաքանչյուրիս անհատական վարքագիծը:
Քանի դեռ մենք էս թվերը չենք իջեցրել, դա նշանակում է, որ յուրաքանչյուրս ամեն օր, ամեն վայրկյան ինչ-որ բան այնպես չենք անում: Միակ լուծումը մնում է մեր համատեղ ջանքը, որը պետք է արտահայտվի 3 պարզ կանոնի պահպանմամբ. կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,-նշեց վարչապետը:
Կարծիքներ