Հրատարակվել է Ստեփան Թոփչյանի «Երվանդ Քոչար» մենագրությունը
Լույս է տեսել գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը:
Այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից:
Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը XX դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա գեղագիտական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ: Կան նաև դրվագներ Քոչարի կյանքից։
«Շնորհավորում ենք և շնորհակալ ենք հրատարակիչներին Ստեփան Թոփչյանի՝ մաեստրո Քոչարի բազմիմաստ ստեղծագործությունների խորիմաստ ու խորքային վերլուծությունները վայելելու բացառիկ հնարավորության համար»,- ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:
Գիրքը, որն արդեն հասանելի է ինչպես թանգարանում, այնպես էլ գրախանութներում, լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:
Կարծիքներ