Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու ոգով․ ՔՊ պատգամավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու ոգով․ ՔՊ պատգամավորը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ԽՎ աշխատանքների շրջանակում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Իր ելույթում պատգամավորը խոսել է հարավկովկասյան տարածաշրջանի մասին՝ ներկայացնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջան ու Թուրքիայի քայլերը։

«Հայաստանը մի երկիր է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ ապրում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման մեջ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ավարտվեց 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հատուկ կետ ունի՝ նվիրված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այդ կետը հույս է ներշնչում, որ Ադրբեջանն իսկապես կշրջի հակամարտության էջը, ինչպես հաճախ պնդում է, եւ կսկսի համագործակցության դարաշրջան Հարավային Կովկասում: Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը եւ պահանջում է Հայաստանի տարածքով հատուկ կապ` հատուկ միջանցք, ինչպես իրենք են այն անվանում` առանց Հայաստանի անվտանգային եւ մաքսային վերահսկողության:

Այդ պահանջն արդարացնելու համար Ադրբեջանը վկայակոչում է նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված Լաչինի միջանցքը, այն միջանցքը, որը Հայաստանն օգտագործում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար: Լաչինի միջանցքը, իրապես, ոչ թե ճանապարհ է, այլ հատուկ մարդասիրական միջանցք: Այն ունի 5 կմ լայնություն եւ ձգվում է մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ ուրիշ ոչ մի տեղ: Այն փակ միջանցք է:

Լաչինի միջանցքն օգտագործվում է բացառապես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի հայերը շրջապատված են սեփական պաշտպանական ուժերով եւ ռուս խաղաղապահներով: Վերջին երկուսն այնտեղ են միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ադրբեջանական բանակի կողմից գտնվում են շրջափակման մեջ: Հետեւաբար, Լաչինի միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ մարդասիրական միջանցք է Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:

Video Player

Հիմա վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը` կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է բացել իր բոլոր ճանապարհները, ընդգծում եմ` բոլոր ճանապարհները, եւ ապահովել դրանց օգտագործումն Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վախենալ Հայաստանի ճանապարհներով անցնելուց եւ Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայողների հետ շփումից:

Թեեւ մենք դեմ չենք սահմանային ու մաքսային ծառայության տրամադրումն արտապատվիրակելուն, մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, եթե ադրբեջանցի ծառայողները վերահսկեն Ադրբեջանի սահմանը, իսկ հայ ծառայողները` Հայաստանի սահմանը: Եվ ամենակարեւորը` բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու եւ համագործակցություն սկսելու ոգով եւ ոչ թե մեկուսացման ոգով»,- նշել է Կարապետյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում