ԱՊՀ դիտորդական խմբում ընդգրկված կլինի շուրջ 70 դիտորդ
Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման մոնիթորինգային աշխատանքը: ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, քննարկել առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի պետ Եվգենի Կոզյակը։
«Հենց նոր հանդիպում ունեցանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, և այսօրվանից մեր խումբը սկսել է արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված իր դիտորդական աշխատանքը: Տեղեկացնեմ, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն է Իլհոմ Նեմատովը, որը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարն է: Նա կժամանի Հայաստան հունիսի 16-ին, իսկ մինչ այդ մենք որպես երկարաժամկետ դիտորդներ մոնիթորինգ կիրականացնենք ընտրությունների կազմակերպման հետ կապված։ Դուք գիտեք, թե քանի քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին՝ դա շատ է, ուստի, ծանրաբեռված աշխատանք է սպասվում կազմակերպողների համար։ Մենք կիրականացնենք մոնիթորինգ ընտրությունների օրը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Եվ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ դիտորդական առաքելության ղեկավարը և անդամները կներկայացնեն իրենց եզրակացությունները»,- ասաց Կոզյակը։
Կարծիքներ