Առաջարկվում է զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ հայտարարել համաներում

Առաջարկվում է զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ հայտարարել համաներում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը խորհրդարանի մայիսի 4-ի նիստում ներկայացեց Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

«ՀՀ կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց.

1. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,

2. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,

3. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:

Նախագծում առկա են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում:

Օրենքի նախագիծն ապրիլի 29-ին դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: