Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

Մենք աջակցում ենք տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը՝ առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության․ Վարդանյան

ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը։

Պատգամավորն իր ելույթում ասել է.

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող,

ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, եւ, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում, այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, եւ ես ստիպված եմ արձագանքել: Տիկի՛ն Արպադարայ, ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք եղել ենք, կանք եւ բաց կլինենք մեր տարածաշրջանում բոլոր տեսակի կապի եւ տրանսպորտի միջոցների բացման համար:

Բայց տիկնա՛յք եւ պարոնա՛յք, միջազգային իրավունքը պարզապես գլուխկոտրուկ չէ, որի միջից դուք կընտրեք ձեր հավանած կտորները եւ կասեք, որ այն միջազգային իրավունքն է: Միջազգային իրավունքը մեկ, եզակի երեւույթ է, դուք չեք կարող կիսել դրա ոչ մի մասը: Տիկին Արպադարայն ասում է. «Ո՛չ, մեզ բաց շփում հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք ունենալ, որովհետեւ պատմականորեն այն մեզ է պատկանում»:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ սա նշանակում է. «Մենք ներկայացնում ենք մեր պահանջները, եւ եթե դուք չեք բավարարում դրանք, ապա մենք կնվաճենք ձեզ»:

Մինչդեռ մենք բոլորս լուռ ենք, ոչ-ոք չի ցանկանում արձագանքել. այս հայտարարությունն ագրեսիայի ուղղակի կոչ է, դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք աջակցում ենք բոլոր տրանսպորտային եւ հաղորդակցության օբյեկտների բացմանը, բայց առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության, քանի որ դա խաթարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը:

Ցավոք, պարոն Հուսեյնովը դահլիճում չէ: Մի քանի օր առաջ ես ասացի, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն խոսելու, այլեւ լսելու համար: Ես կարծում եմ, որ դուք պետք է այստեղ լինեք եւ լսեք:

Երբ Շուշիում ստեղծված իրավիճակը համեմատում եք Ստրասբուրգի հետ, ապա բավարար է քայլեք Ստրասբուրգի փողոցներով եւ կտեսնեք, որ յուրաքանչյուր փողոց ունի երկու անուն՝ ցուցափեղկերի վրա ֆրանսերենով եւ գերմաներենով նշված, որովհետեւ այս երկիրը հարգում է այն մարդկանց, ովքեր ապրում են եւ ովքեր կարող են ապրել այստեղ: Երբ դուք մեղադրում եք մեզ «Շուշին տարիներ շարունակ օկուպացնելու եւ ոչնչացնելու մեջ», մենք Ձեզ ցույց ենք տալիս Շուշիի հնագույն եւ շատ կարեւոր մզկիթը վերանորոգված, իսկ դուք հակառակը եկեղեցիներն եք ավերում, Շուշիի հայերեն անվանումն եք փոխում:

Տիկի՛ն Արփադարայ, ձեր բանտերում 38-ից ավելի ռազմագերի ունենք, քանի՞ անգամ եք այցելել նրանց, քանի՞ անգամ եք ձեր ղեկավարությանը՝ այդ ընտանեկան պետությանը, ասել, որ նրանք պետք է ազատ արձակվեն ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաեւ Ժնեւի կոնվենցիայի դրույթներից ելնելով, եւ այն պատճառով, որ դրանք այս կազմակերպության արժեքներն են, եւ մենք կցանկանայինք լինել այս կազմակերպության հենքը:

Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք այս բանավեճից, բայց մենք ունենք մարդիկ՝ ողջ մարդիկ, որոնք ամեն օր ադրբեջանական բանտերում գտնվում են կտտանքների սպառնալիքի ներքո, եւ ոչ-ոք դրան չի արձագանքում. երբեմն ինձ թվում է, թե ես խոսում եմ, բայց ինձ ոչ-ոք չի լսում:

Շնորհակալություն եւ կներեք, չափազանց զգացմունքային ելույթի համար»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում