Արմեն Ղազարյանը ներկայացրել է կենսաչափական անձնագրերի նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագիրը
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պատասխանել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին` ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության վերաբերյալ:
Ծառայության պետը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները, որոնք մեկնարկել էինք երկխոսությունից առաջ և համահունչ են այն բարեփոխումների ծրագրին, որոնք, այլ պետությունների օրինակով, օրակարգային են վիզաների ազատականացման համատեքստում:
Ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են գործընթացի համար պատասխանատու գերատեսչությունների միջև գործառույթների բաշխմանը, պատասխանատվության շրջանակին, կանխատեսելի մարտահրավերներին, հնարավոր խնդիրներին վերաբերող հարցեր:
Արմեն Ղազարյանը ներկայացրել է կենսաչափական անձնագրերի նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագիրը, բացատրել, թե ինչ նշանակություն կունենա ծրագիրը ենթակառուցվածքի մոդեռնիզացման, տվյալների պաշտպանության բարձրացման, ինչպես նաև սահմանների կառավարման արդյունավետության բարձրացման իմաստով:
Ղազարյանն անդրադարձել է նաև միգրացիայի կառավարման ոլորտի հարցերին, ընդգծել, որ գործողությունների ծրագրով սահմանվող դրույթներից յուրաքանչյուրը ենթակա է առանձին և լիարժեք կատարման։
Կարծիքներ