Բրազիլիայի նախագահը հայտարարել է կառավարության խոշոր վերադասավորումների մասին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն այս տարվա մարտի վերջին խոշոր վերադասավորումներ է իրականացնելու երկրի կառավարությունում՝ կապված հոկտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրությունների հետ։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է հինգշաբթի՝ մամուլի ասուլիսում։
«Այս պահին մենք պատրաստվում ենք նրան, որ տասնմեկ նախարարներ կպայքարեն ընտրված պաշտոնների համար: Մարտի 31-ը կարևոր ամսաթիվ կլինի. 11 նախարար կհեռանա, մյուսներ 11-ը կգան»,- ասաց պետության ղեկավարը՝ չհստակեցնելով, թե իր կառավարության որ անդամների մասին է խոսքը։
Համաձայն տեղական օրենսդրության՝ ընտրովի պաշտոնի թեկնածուները չեն կարող ընտրություններին նախորդող վեց ամիսների ընթացքում պաշտոններ զբաղեցնել գործադիր մարմիններում։ Այս կանոնը չի տարածվում նախագահի, նահանգների նահանգապետերի և քաղաքների քաղաքապետերի վրա, ովքեր պատրաստվում են վերընտրվել արդեն իսկ զբաղեցրած պաշտոնում։
Հաջորդ համընդհանուր ընտրությունները, որոնցում Հարավային Ամերիկայի Հանրապետության քաղաքացիները, բացի նախագահից, կընտրեն նաև դաշնային խորհրդարանի պատգամավորներին և սենատորների մեկ երրորդին, ինչպես նաև նահանգների նահանգապետերին, նշանակված են 2022 թվականի հոկտեմբերի 2-ին: Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) կանցկացվի հոկտեմբերի 30-ին։
Կարծիքներ