ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դեէսկալացնել իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ ռազմական լուծում չկա, և կողմերը պետք է երկխոսությունը վերսկսեն Բաքվի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։ Պետքարտուղարը նշել է նախագահ Ալիևի պատրաստակամությունը ռազմական գործողությունները դադարեցնելու և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ