Պուտինը Էրդողանին հայտնել է՝ ինչ պայմաններում ՌԴ-ն կդադարեցնի հատուկ օպերացիան Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Մոսկվայի պահանջները։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ուրվագծել է այս համատեքստում հիմնարար մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն բացատրել է հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվել է, որ հատուկ օպերացիան ընթանում է ըստ պլանի և ժամանակացույցի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նշվել է, որ ռուսական զինված ուժերը «ամեն ինչ անում են խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, դիպուկ հարվածներ են հասցվում բացառապես ռազմական ենթակառուցվածքներին»։
«Այս ֆոնին ազգայնական, նեոնացիստական կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են ինտենսիվ հրետակոծել Դոնբասը և որպես վահան օգտագործում են խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ օտարերկրացիներին, որոնք իրականում պատանդ են վերցված, առանձնանում են առանձնահատուկ դաժանությամբ և ցինիզմով։»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Պուտինը հաստատել է «ռուսական կողմի պատրաստակամությունը երկխոսելու Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար»։
Կարծիքներ