ԿԳՄՍՆ-ում քննարկվել են նորարար նախագծերը պետական ծրագրերում ընդգրկելուն առնչվող հարցեր

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են նորարար նախագծերը պետական ծրագրերում ընդգրկելուն առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող կրթական նախագծերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է մասնավորապես «1991 ստորաբաժանում» ծրագիրը պետական ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ծրագրի մասնակիցների թվի աճը, ինչպես նաև հետագայում համանուն ստորաբաժանման մեջ ընդգրկվելու նպատակով համագործակցությունը Զինված ուժերի հետ:

 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է քննարկել  հանրակրթության ավագ աստիճանում «1991 ստորաբաժանում» ծրագրի՝ հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացները  որպես արտադասարանական խմբակ ընդգրկելու հնարավորությունը:  Նախարարի տեղակալը  նշել է, որ ԲՏՃՄ ( բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զարգացումը դրված է նաև հանրակրթության նոր չափորոշչի հիմքում, և այդ նպատակով նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել բնագիտական լաբորատորիաներ, որոնք կարող են նպաստել առաջարկվող ծրագրի ինտեգրմանը պետական կրթական ծրագրերում: Այս տարի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համատեքստում նոր լաբորատորիաներով ապահովվելու են Տավուշի մարզի դպրոցները, հետագայում՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ, լաբորատորիաներ  կլինեն բոլոր դպրոցներում:

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միաժամանակ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում քննարկվում է տարկետման համակարգը ռազմական կրթության հետ փոխկապակցելու մոդելների մշակման հարցը: Բոլոր բարեփոխումների և նախագծերի հիմքում գերակա են բնագիտական, տեխնոլոգիական և ճարտարագիտական ուղղությունների զարգացումը կրթության և գիտության բոլոր աստիճաններում:

Ամփոփելով քննարկումը` նախարարը նշել է, որ եթե կրթության և գիտության ոլորտում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպությունների նպատակները համահունչ են պետական քաղաքականության նպատակներին, ապա ջանքերի համատեղումն անհրաժեշտ է արդյունավետության բարձրացման և աշխատանքները համակարգված իրականացնելու առումով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) նախաձեռնությամբ իրականացվող մյուս ծրագրերին, որոնք առնչվում են բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, ինչպես նաև դրանք գիտական աստիճանում իրագործելու հնարավորություններին: