Դա միակ փաստաթուղթն է, չկա և չի կարող լինել գաղտնի հավելված. Նիկոլ Փաշինյան

Դա միակ փաստաթուղթն է, չկա և չի կարող լինել գաղտնի հավելված. Նիկոլ Փաշինյան

Ասք այն մասին, թե ինչպես իրեն ընդդիմություն հորջորջող որոշակի շրջանակներ ամեն ինչ անում են, որ ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Իմ գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն է»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատանքը գնահատեց թիմային, համակարգված և արդյունավետ, քանի որ միջազգային հանրությունում իրավիճակի վերաբերյալ, ըստ նրա, կա համաձայնություն, որով արձանագրվում է  Ադրբեջանի գործողությունների ապօրինությունը:

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ առանց նախապայմանների Ադրբեջանի զորքերը պետք է լքեն ՀՀ սահմանը: Կա փաստ, որ չունենք դելիմիտացված և դեմարկացված սահման»,-ասաց նա և նշեց, որ եռակողմ հանձնաժողով ձևավորելու առաջարկ կա:

«Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը, որը դեռ քննարկումների փուլում է, հրապարակվի, դա վատ ու անլուրջ վիճակի մեջ կդնի որևէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ապա ասեմ, որ այո, դա միակ և եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես, երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»,-ասաց նա և նշեց, որ դրա մեջ ամենակարևորն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունը լուծվում է դիվանագիտական քաղաքական ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա կլինի այն դեպքում, երբ ադրբեջանական ուժերը կլքեն ՀՀ տարածքը, կամ կարձագրեն մի դրույթ, որտեղ նշված կլինի զորքերի հետքաշման գործընթացի մասին: «Սա է, ըստ էության, ամբողջ պատմությունը, չկա և չի կարող լինել գաղտնի հավելված: Սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է: Պետք է հասկանանք, որ մենք բոլորս շատ լարված ենք և շատ ծանր ճանապարհի միջով ենք անցել և անցնում, բայց դա չի նշանակում, որ պետք է պարզ բաներ չնկատենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի՝ փաստաթղթից տեղյակ չլինելուն, Փաշինյանն ասաց՝ այդ փաստաթղթերը ստանում են ԱԳՆ խողովակներով. «Մենք թաքցնելու որևէ բան չունենք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում