ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հունվարի 26-ին, հրապարակել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունների վերաբերյալ որոշումը։
Խորհրդի որոշմամբ՝ դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով։
«Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումները»,-նշել է խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Ինչպես արդեն հայտնի է՝ դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015թ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա, ըստ որի, Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է «res judicata» սկզբունքը։
Դատավոր Էդուարդ Ամալյանին ՀՀ ԱՆ-ն պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ ժամկետների խախտման համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերը տրամադրել է պատասխանողին նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման կատարումը, հաջորդիվ վերոնշյալ փաստաթղթերը պատասխանողներին է տրամադրել սահմանված ժամեկտից շուրջ 7 ամիս անց, որով պայմանավորված նշված ժամկետով ուշ է նշանակել և հրավիրել նախնական դատական նիստ, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Կարծիքներ