Հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը մեկնաբանել է Մասկի կողմից 44 մլրդ դոլարով Twitter-ի գնումը
Ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից Twitter ընկերության գնումը ոչինչ չի փոխի, նոր սեփականատիրոջ պարագայում էլ սոցցանցը կրկին չի դառնա ժողովրդավարական և առավել ևս՝ արդար, քանի որ այսօր միայն սեփականատերերը չեն, որ որոշում են սոցիալական ցանցերի կյանքի կանոնները: Այս կարծիքն է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը։ Ապրիլի 4-ին Մասկը հայտարարել է, որ ձեռք է բերել Twitter-ի 9,2% բաժնետոմս, իսկ ապրիլի 14-ին ասել է, որ պատրաստ է գնել Twitter-ի բոլոր 100% բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 54,2 դոլարով: Twitter-ը նույն օրը խոստացել էր դիտարկել Մասկի առաջարկը։
Մեդվեդևը հավելել է, որ «ոչ մի սոցցանց ի վիճակի չէ անտեսել իր գրանցման վայրում տիրող տրամադրությունները»։
«Եվ հետևաբար, Twitter-ի համար ոչ մի հրաշք փոխակերպում տեղի չի ունենա: Այն նորից չի դառնա ժողովրդավարական և առավել ևս արդար: Եթե, իհարկե, այն դուրս չգա ամերիկյան իրավասությունից», - հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Կարծիքներ