Ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան չի ընդունում ԿԸՀ-ի տվյալներն ու իրեն է նախագահական ընտրություններում հաղթող համարում
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան իրեն է հաղթող համարում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա տեղեկացրել է, որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալները:
«Իհարկե, մենք չենք ընդունում: Մեր կողմից ստացված թվերը չեն համապատասխանում այն թվերին, որոնք բարձրաձայվել են»,-ասել է Տիխանովսկայան:
Ընդդիմության թեկնածուն կարծիք է հայտնել, որ Բելառուսի իշխանությունների կողմից ցույցերը ցրելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը անհամաչափ էին:
«Մենք խաղաղ փոփոխությունների կողմնակից ենք: Իշխանության կողմից ձեռնարկված քայլերը անհամաչափ էին: Մարդիկ մնացել էին ընտրատեղամասերում, որպեսզի պաշտպանեն իրենց ձայները: Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որ նման բան այլևս չկրկնվի»,-խոստացել է Տիխանովսկայան:
Նա իր ձերբակալության համար որևէ հիմք չի տեսնում և մտադիր չէ լքել երկիրը:
«Ես իմ ձերբակալության համար որևէ պատճառ չեմ տեսնում և մտադիր չեմ լքել Բելառուսը»,-ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 81, իսկ Տիխանովսկայան՝ 8%-ը:
Ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, ինչի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:
Նա մանրամասնել է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են լույս օգոստոսի 10-ի գիշերը՝ երկրի 33 բնակավայրում: Ըստ մամուլի խոսնակի՝ իրավախախտների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել, զոհեր չկան:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:
Կարծիքներ