Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով. ՀՀ վարչապետը ներկայացրեց իրավիճակը
Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության մարտի 31-ի նիստում՝ ընդգծելով, որ Փառուխի ճգնաժամը ըստ էության ծագել է պայմանավորվածությունների խախտման հետևանքով:
Փաշինյանը տեղեկացրեց, որ տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ եւ այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:
«Մենք ցավով ենք արձանագրում սա եւ այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:
Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
Ակնկալում ենք նաեւ, որ ներխուժման ընթացքում եւ դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ՝ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաեւ, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների եւ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նրա գնահատմամբ՝ այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է:
Կարծիքներ