Վարչապետ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի անդամների հետ

Վարչապետ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:

Յոհան Դավիդ Վադեպհուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը: Ընդգծվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում