Ջրառատում աները սպանել է փեսային․45-ամյա տղամարդը ձերբակալված է

Ջրառատում աները սպանել է փեսային․45-ամյա տղամարդը ձերբակալված է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին ժամը 17.10-ին տեղեկություն են ստացել, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։

«Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։ Զովունու 45-ամյա բնակիչը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, գցեց հրացանն ու փախուստի փորձ արեց, սակայն բաժնի պարեկապահակետային ծառայողներն ու համայնքային ոստիկաններն արագ բռնեցին նրան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում ճահճուտում հայտնաբերված ու ձերբակալված տղամարդը տաքսիով գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն՝ պարզաբանումների։ Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։ 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։

Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում