Պետդեպը հայտնել է ԱՄՆ-Ռուսաստան առաջիկա բանակցությունների մանրամասները

Պետդեպը հայտնել է ԱՄՆ-Ռուսաստան առաջիկա բանակցությունների մանրամասները

Հունվարի 10-ին կայանալիք ռուս-ամերիկյան բանակցություններում կքննարկվեն երկու կողմերի մտահոգությունները։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Երբ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, անշուշտ, դրա վրա կդնենք մեր մտահոգությունները: Կարծում եմ՝ ռուսները պետք է նույնն անեն»,-ասել է Փրայսը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ դաշնակիցների ու գործընկերների հարցերը քննարկել առանց նրանց ներկայության։

«Կլինեն ոլորտներ, որտեղ մենք կարող ենք առաջընթաց գրանցել, և, վստահ եմ, կլինեն ոլորտներ, որտեղ մենք չենք համաձայնի: Սա է դիվանագիտության էությունը։ Ինչպես մենք բազմիցս ասել ենք, դիվանագիտության բաց ուղիներն ունեն կառուցողական ներուժ․ մենք ձգտում ենք դեէսկալացնել Ուկրաինայում և դրա շուրջ կոնֆլիկտային պոտենցիալը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմավարական կայունության և անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ կանցկացվեն հունվարի 10-ին, որին կհաջորդեն Ռուսաստան-ՆԱՏՕ և Ռուսաստան-ԵԱՀԿ հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում