Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում առկա է ընդհանուր պատկերացում, թե ինչպես են դրանք աշխատելու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ:
«Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ: Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները»,- ընդգծեց Փաշինյանը:
Կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն: «Դրանքում ֆիքսել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ»,- նշեց ՀՀ վարչապետը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերին:
Փաշինյանը հանդիպումը, քննարկումն ընդհանուր առմամբ գնահատեց շատ դրական՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին իր նախաձեռնության համար: Ըստ նրա՝ եթե այս հանդիպման հիման վրա հնարավոր լինի զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, ապա կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել:
Փաշինյանն այս հարցում հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը, Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը, իր խոսքով, Հայաստանի ժողովրդից ստացել է մանդատ՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան երկրի, տարածաշրջանի համար: Նա հանդիպումը օգտակար համարեց այդ օրակարգի իրականացման համար:
Կարծիքներ