ԱԱՏՄ-ն հիշեցնում է մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը
Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։
Մասնավորապես, կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով, զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո պետք է լվացվեն տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ, աթոռներն ամեն օր պետք է սրբվեն տաք ջրով և օճառով:
Ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելը պետք է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370 C) օճառով, իսկ հետո չորացնել բացօթյա։
Համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում ամենօրյա խոնավ մաքրումը պետք է կատարվի վարակազերծող նյութերի օգտագործմամբ։ Սեղանները, աթոռները, խաղալիքները պետք է ախտահանվեն։
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները.
Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
Միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում,
սննդի կազմակերպումը նախատեսում է՝ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում՝ առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ, ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը։
Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները` առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք, պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ, կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում՝ նաև կաթնաշոռի պատրաստման համար, սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ, երշիկեղեն։
Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները՝ https://bit.ly/3v8sFpe:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները՝ https://bit.ly/3w9U4IF։
Կարծիքներ