ՏԿԵ փոխնախարարն ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապի առկայությունը
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և խոսելով երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական և գործընկերային հարաբերություններից՝ կարևոր է համարել ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը, ոլորտում կառավարության առաջնահերթությունները, նաև առավելությունները՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր։
Հեդեր Բրնսին հետաքրքրվել է Լարսի ճանապարհահատվածի խնդիրներով, այդ ճանապարհին այլընտրանք ունենալու հնարավորության, Հյուսիս-հարավ ճանապարհի, Հայաստանի երկաթուղային ոլորտի առկա հնարարվորությունների, երկաթուղու հետագա զարգացման ռազմավարության, օդային ճանապարհով բեռնափոխադրումներ կազմակերպելու և կարևոր այլ հարցերի մասին։
ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու խնդիրները։
Կարծիքներ