Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մուկուչյանն այս մասին ասաց ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին:
«Խնդրում եմ ավելի բաց ու հստակ փաստել, որ ՀՀ-ում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան»,-ասաց Մամիջանյանը:
Մուկուչյանը հիշեցրեց, որ 2012 թվականից ինքը ԿԸՀ-ում է, կազմակերպել է բազմաթիվ ընտրություններ:
«Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ներկայացրել եմ: Այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ, նաև ՏԻՄ ընտրություններից հետո, ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին»,-ասաց Մուկուչյանը:
Կարծիքներ