Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ նա անցնում է 76 դրվագով

Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ նա անցնում է 76 դրվագով

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ նա անցնում է 76 դրվագով։ «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։ 

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միքայել Արայի Մինասյանը տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու, հակամրցակցային գործունեության, կաշառք տալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու, փողերի լվացման համար ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն՝ դրանում ընդգրկելով բազմաթիվ անձանց»,- ասել է Հակոբյանը։ 

Հանցագործությունների կատարման հետևանքով ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է շուրջ 350 միլիոն դոլարի չափով վնաս։ 

Նշվում է, որ Միքայել Մինասյանը, որը 2009-2012 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, ապա՝ Վատիկանում Հայաստանի դեսպանը, օգտագործելով իր դիրքը՝ ձեռք է բերել փայաբաժիններ Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններում։ «Դրա արդյունքում, արդեն իսկ ունենալով հսկայածավալ ֆինանսական միջոցներ, նշված միջոցներն օգտագործել է Հայաստանի տարածքից դուրս գործունեություն իրականացնող կազմակերպությունների ձեռքբերմանը, իսկ դրանց մի մասով ձեռք է բերել խոշոր ընկերություններում մասնաբաժիններ Հայաստանում»,- մանրամասնել է Սամվել Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գործող մի շարք ընկերությունների, այդ թվում՝ օֆշորային կազմակերպությունների հաշվեհամարներով շրջանառվել են հարյուր միլիոնավոր դոլարներ։ 

«Միքայել Արայի Մինասյանը, տիրապետելով հսկայական ֆինանսական միջոցների, իր ձեռքի տակ է վերցրել Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք լրատվամիջոցների, ինչպես նաև մի շարք հեռուստաընկերությունների գործունեությունը, կառավարել դրանց տեղեկատվական հոսքերը, անհրաժեշտության դեպքում կատարել խմբագրական աշխատանքներ՝ նպատակ ունենալով շարունակաբար ավելացնել ազդեցությունը Հայաստանում»,- ասել է Սամվել Հակոբյանը։

Ըստ մեղադրանքի՝ Մինասյանը իր մտերիմ Լիոնիդ Արևշատյանի հետ հափշտակել է պետական ռադիոընկերության շուրջ 600 միլիոն դրամի գույքը, կատարել փողերի լվացում։ «Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությունը, որից հետո «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության բաժնեմասերը ձևական քաղաքացիաիրավական գործարքների ներքո փոխանցվել են «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերությանը, այնուհետև Միքայել Մինասյանը նշված ընկերությամբ շարունակել է ղեկավարել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը»,- հայտնել է Հակոբյանը։ 

Մեկ այլ դրվագով Միքայել Մինասյանը խոչընդոտել է «Ալֆայլ» ընկերության ղեկավար, գործարար Մանվել Տեր-Առաքելյանին Օպերայում սրճարան կառուցել։ Դատախազության պաշտոնյան հստակեցրել է, որ «Ալֆայլ» պրոդյուսերական ընկերության ղեկավարը հրավիրվել է ՀՀ նախագահի նստավայր, որտեղ հանդիպել է Միքայել Մինասյանին։ «Վերջինս հանդիպման ընթացքում համապատասխան սպառնալիքներ է հնչեցրել նշված անձի հասցեին, որից հետո հիշյալ անձի կողմից տևական ժամանակ օրենքով սահմանված կարգով տրված շինթույլտվության առկայության պայմաններում վերակառուցման աշխատանքներ չեն իրականացվել։ Արդյունքում՝ նշված ընկերությանը տրամադրված տարածքին կից հատվածում Միքայել Արայի Մինասյանի կողմից 2013 թվականին կառուցվել է «Ջազվե Օպերա» սրճարանը»,- ասել է նա։ 

Մեկ այլ դրվագով Միքայել Մինասյանը հանցախմբի անդամների հետ կազմակերպել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատից շուրջ 18 միլիարդ դրամի հափշտակությունը։ «Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի անվամբ գրանցված «Լեռեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ իրական արժեքից, այսինքն՝ 150 միլիոն դրամից շուրջ 150 անգամ ավել արժեքով՝ շուրջ 18 միլիարդ դրամով»,- մանրամասնել է Հակոբյանը։ 

18 միլիարդ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն շրջանառվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առնչվող ընկերության հաշվեհամարներով, ապա փոխանցվել Մինասյանի օֆշորային կազմակերպության հաշվեհամարին։ Վերջնարդյունքում նշված գումարներից 15 միլիոն դոլարին համարժեք դրամը փոխանցվել է ՀՀ-ում գործունեություն ծավալող «Սպայկա» ընկերությանը, ինչի արդյունքում Միքայել Մինասյանը դարձել է «Սպայկա» ընկերության 48 տոկոսի բաժնետեր։ 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում