Իտալիայում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո 3 քաղաքացի է մահացել
Իտալիայում հետաքննություն է սկսվել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո մի քանի քաղաքացիների մահվան դեպքի առթիվ: Այս մասին գրում է Catania Today պարբերականը:
Կատանիայի դատախազությունը քննչական գործողություններ է սկսել 50-ամյա ոստիկան Դավիդե Վիլլայի մահից հետո: Նա մահացել է պատվաստվելուց քիչ ժամանակ անց: Ըստ պարբերականի՝ գործով կասկածյալներ դեռևս չկան:
Այս դեպքից առաջ Սիրակուզա քաղաքում սրտի կանգի հետևանքով մահացել էր 43-ամյա ռազմական նավաստի Ստեֆանո Պատերնոն: Մահը վրա էր հասել AstraZeneca-ով պատվաստվելուց 1 օր անց: Քաղաքային դատախազությունը հետաքննություն է սկսել, պատրաստվում է դիահերձում:
Գործին ներգրավվել է շուրջ 10 մարդ, այդ թվում`AstraZeneca ընկերության ներկայացուցիչները և ռազմական հիվանդանոցի աշխատակիցները, որտեղ Պատերնոն ներարկում էր ստացել: Ներկայումս պատվաստանյութի հետ կապի մասին վկայություն չկա:
Պատվաստումից հետո երրորդ մահը տեղի է ունեցել Տրապանի քաղաքում: Խոսքը 54-ամյա կարաբիներ Ջուզեպպե Մանիսկալկոյի մահվան մասին է: Պատվաստվելուց 2 օր անց նա սրտի կաթված է ստացել: Դիահերձումը չի հայտնաբերել պատվաստանյութի հետ կապը, բայց քննիչները պատվիրել են լրացուցիչ հյուսվածքաբանական ուսումնասիրություններ կատարել:
Կարծիքներ