Նեթանյահուն մտադիր չէ լքել վարչապետի պաշտոնական նստավայրը
Իսրայելի վարչապետի պաշտոնում Բենիամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումը ավարտվեց կիրակի օրը, ու պաշտոնից հրաժարվելը, պարզվեց, դժվար խնդիր է՝ եւ ուղիղ, եւ փոխաբերական իմաստով, գրում է The Week-ը:
Իսրայելական «12-րդ ալիքը» հայտնում է, որ Նեթանյահուն եւս մի քանի շաբաթ մտադիր չէ լքել վարչապետի պաշտոնական նստավայրը: Նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը, ով նախատեսում է տեսանելի ապագայում շարունակել ապրել Ռաանանայի իր տանը, անտարբեր է արձագանքել այդ լուրին, բայց շատ իսրայելցիներ նյարդայնացած են, հատկապես այն բանից հետո, երբ Նաթանյահուն լուսանկարվել է արտասահմանյան բարձրաստիճան անձանց հետ Բալֆուր փողոցում գտնվող պաշտոնական նստավայրում:
Հանցավորության դեմ պայքարի նախարարը նախազգուշացրել է, որ Բարձրագույն դատարան միջնորդություն կներկայացնի վնասի հատուցման մասին, եթե Նեթանյահուն, նրա կին Սառան եւ որդի Յաիրը, չլքեն նստավայրը մինչեւ հունիսի 27-ը: Նեթանյահուից վեց շաբաթ էր պահանջվել, որպեսզի լքի պաշտոնական նստավայրը, երբ վերջին անգամ 1999-ին զրկվել էր պաշտոնից:
Վարչապետի աշխատակազմի իրավախորհրդատու Շլոմիտ Բարնեան խորհուրդ է տվել պետությանը դադարեցնել կոմունալ վճարումների կատարումը պաշտոնական նստավայրում, քանի դեռ Նեթանյահուն այնտեղ է ապրում, ինչպես նաեւ դադարեցնել խոհարարների, հավաքարարների եւ այլ կենցաղային ծախսերի վճարումը ինչպես պաշտոնական նստավայրում, այնպես էլ Նեթանյահուի մասնավոր առանձնատանը Կեսարիայում: Որպեսզի Բարնիի իրավական եզրակացությունն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է արդարադատության նախարարության հաստատումը:
Իսրայելում իշխանության փոխանցման արարողակարգ չկա, բայց դա «Նեթանյահուի անձնական ամրոցը չէ»,- գրում է Թալ Շնայդերը The Times of Israel-ում: «Երկար տարիներ քննադատողները Նեթանյահուին մեղադրում էին պետության կարիքները սեփականին միացնելու մեջ: Հիմա նա կարծես մտածում է, որ Բենեթը պարզապես հյուր է վարչապետի գրասենյակում, մի քանի շաբաթվա ընթացքում նոր կոալիցիան կքանդվի, եւ ինքը՝ Նեթանյահուն, արագ կվերադառնա իշխանության: Հաշվի առնելով այս նախադրյալը, ինչո՞ւ ընդհանրապես հավաքել ճամպրուկները»:
Կարծիքներ