ՀՀ-ում քաղաքացիական բախումներ չեն լինելու, որովհետև ժողովուրդը հստակ մեծամասնություն է ձևավորելու․ Փաշինյան
«13 տարի է անցել, բայց մենք դեռ գտնվում ենք Մարտի 1-ի իրադարձությունների փակ շրջափուլի մեջ, որի գլխավոր դերակատարներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև դուք (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին)։ Հիմա էլ հունիսի 21-ին դուք և Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին հրավիրում եք հանրահավաքի։ Սա այն նույն պրոցեսն է, որը կարող է կրկնվել»։
Այսօր Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում ընթացող բանավեճի ժամանակ դիմելով վարչապետի պաշտոնակատարին ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց՝ նույնը չի կարող կրկնվել․
«Առաջին պատճառ՝ 2008-ի ընտրությունների արդյունքները կեղծվել էին։ Այս ընտրությունների արդյունքները չեն կարող կեղծվել։ Երկրորդը՝ ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ կան քաղաքական ուժեր, որոնք հստակ փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։ Եվ, ըստ այդմ, ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ ու բախումներ հրահրող քաղաքական ուժի ogtin։ Կարծում եմ՝ քաղաքացու քվեն լինելու է վճռորոշ, կարծում եմ՝ 60 և ավելի տոկոսներով ՀՀ քաղաքացին կձևավորի հստակ խորհրդարանական մեծամասնություն»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակարը ևս մեկ անգամ ընդգծեց, եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ իրենք պետք է հեռանան, ապա ՝ կհեռանան․
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական բախումներ չեն լինելու, որովհետև ժողովուրդը հստակ մեծամասնություն է ձևավորելու»։
Ի հակադարձում Նիկոլ Փաշինյանի խոսքերի «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը նշեց, որ վստահ չէ, թե ընտրությունները չեն կեղծվելու, քանի որ քարոզարաշվի ժանանակ իշխանություններն օգտագործում են վարչական ռեսուրսները։
Վարչապետի պաշտոկատարն էլ հերքեց Տոնոյանի խոսքերը․
«Ապօրինի կերպով վարչական ռեսուրսները օգտագործվում են ՏԻՄ այն ղեկավարների կողմից, ովքեր աջակցում են ընդդիմադիր թեկնածուներին»,-նշեց Փաշինյանը։
Կարծիքներ