Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը
Չինաստանը մերժել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած նոր ծրագիրը կորոնավիրուսի համավարակի առաջացման աղբյուրներն ուսումնասիրելու համար:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Չինաստանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ «դա անարգանքի դրսևորում է առողջ բանականության նկատմամբ և ամբարտավանություն գիտության հանդեպ»: Վերջինս հավելել է, որ զարմացած է ԱՀԿ-ի առաջարկով:
Չինացի պաշտոնյան նշել է, որ Չինաստանը չի կարող ընդունել այդ առաջարկը՝ պարզաբանելով, որ իրենք արդեն տրամադրել են կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:
ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է կրկին ուսումնասիրություններ իրականացնել լաբորատորիաներում, որոնց մոտակայքում արձանագրվել էին վիրուսի տարածման առաջին դեպքերը:
Հիշեցնենք, որ ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Չինաստանի Ուհան քաղաք էր այցելել այս տարվա հունվարին, իսկ փետրվարին ներկայացրել էր ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցը, որի համաձայն՝ «քիչ հավանական» էր գնահատվում վիրուսի՝ լաբորատորիայից ծագման վարկածը: Գիտնականները կարծիք էին հայտնել, որ այն, ամենայն հավանականությամբ, մարդկանց է փոխանցվել չղջիկներից այլ կենդանիների միջոցով:
Կարծիքներ