Վարչապետը Հայաստանի շուրջ իրադրությունը գնահատում է կայուն լարված
Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս պահին Հայաստանի շուրջ ստեղված իրավիճակը և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացները, որո՞նք են այս ուղղությամբ և այս պահին եղած մարտահրավերները:
«Հայաստանի Հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին կայուն լարված: Պետք է ասեմ նաև, որ Պաշպանության նախարարության հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ տեսնում ենք: Պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև և տարբեր ձևաչափերով, որոնք, իր գնահատմամբ, բանակցությունների որոշակի տարածք են բացել:
Կարծիքներ