Վանաձորում 35-ամյա տղամարդը զենքով հարձակվել է բնակիչների վրա

Վանաձորում 35-ամյա տղամարդը զենքով հարձակվել է բնակիչների վրա

Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում զենքով հարձակվել են իրենց վրա:

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ժամը 13։15-ին տուժողից հաղորդում է ընդունվել։ Ըստ կնոջ՝ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, թաղամասի մի բնակիչ մտել է իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել է ծխախոտն ու այլ ապրանքներ։ Երբ տղամարդը ցանկացել է խանութից դուրս գալ, խանութպանը պահանջել է, որ նա վճարի ապրանքների համար։ Տղամարդը հանել է գրպանում պահվող դանակը, հարվածել տաղավարին դրված կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս եկել։
Դեպքից 2 ժամ անց տղամարդը վերադարձել է խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել է նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով տղամարդն իր անվամբ հաշվառված «Բռունի» տեսակի գազային ատրճանակից կրակել է օդ։ Դանակավորը հեռացել է։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է տղամարդու ինքնությունը։ Ժամը 13։20-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցում, բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։
Տղամարդը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Գազային ատրճանակը վերցվել է:
Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում