Անօդաչու թռչող սարքից «Սևան» ՔԿՀ փաթեթ է նետվել
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ շարունակական պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, օգոստոսի 3-ին շրջայց կատարելիս, ժամը 04:45-ի սահմաններում լսել են առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն՝ միաժամանակ նկատել, որ դատապարտյալ Գ.Գ.-ն տեղաշարժվում է չբնակեցված մասնաշենքի տարածքի ուղղությամբ՝ դեպի ենթադրյալ առարկան:
Քրեակատարողական ծառայողները սահմանված կարգով մեկուսացրել են նշյալ դատապարտյալին և իրականացրել տեղազննություն:
Արդյունքում՝ վերոնշյալ մասնաշենքի հարակից խոտածածկին ընկած հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որի ծայրին ամրացված է եղել որպես կախիչ ծառայող մետաղական օղակ: Փաթեթը ենթադրաբար նետվել է անօդաչու թռչող սարքից (դրոնից), ընկել է տանիքին, այնուհետև՝ խոտածածկին:
Փաթեթում առկա են եղել մեծ քանակությամբ առանձնացված այլ փաթեթներ՝ ընդհանուր 34,1 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով, դեղապատիճներով և կասկածելի հեղուկներով: Մասնավորապես՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 28,3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,5 գրամ քաշով դարչնագույն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,3 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև՝ 35 հատ «PGN-300» գրառմամբ, լիրիկա տեսակի հոգեմետ դեղապատիճ և 4 գլանակ՝ սուր հոտ ունեցող կասկածելի հեղուկով:
Մեկուսացման ընթացքում դատապարտյալ Գ Գ.-ն բանավոր հայտարարել է, որ վերոնշյալ տարածքում փնտրում էր իր հագուստները, որոնք իբր քամին պոկել և քշել էր պարանից:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ և նախաձեռնվել է համապատասխան վարույթ:
Կարծիքներ