Բանավեճի հրավերը մերժել եմ․ քննարկելու ոչինչ չունեմ․ Սեյրան Օհանյան
Հ1-ում բանավեճի հրավերը մերժել եմ․ զբաղված եմ շատ կարևոր գործերով և քննարկելու ոչինչ չունեմ։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ իրեն զանգահարել է ոմն Կարեն և հրավիրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավեճի՝ Հ1-ի եթերում։ «Ես պատասխանեցի, որ շատ այլ գործեր ունեմ ու որ միանգամից իրենց համար նոր թեկնածուի գտնեն»,- պատմեց Օհանյանը՝ հավելելով, թե նրանք ո՞վ են, որ բանավիճի, իր ոչ մի հարցին չեն կարողանա պատասխանել։ Նա տեղեկացրեց, որ նման հանդիպման հրավեր եղել է նաև ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանի հետ, որը նույնպես մերժել է։ Հավանաբար, սա է պատճառը, որ Կոնջորյանն իր գրառման մեջ ավելացրել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ դեբատներին մասնակցելու համար։ Սակայն Armenia Today-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասաց, որ դեռ հրավեր չեն ստացել ու չգիտեն՝ կմասնակցեն, թե՝ ոչ։ Վանեցյանի անունն այդ հրավերի մեջ նորություն է իրենց համար։ Մասնակցությունը պարզ կլինի օրվա ընթացքում։ Նշենք, որ այսօր Հ1 հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը հրապարակային հրավեր է արել Սեյրան Օհանյանին՝ մասնակցելու Հայկ Կոնջորյանի հետ բանավեճի՝ թեկուզ ուղիղ եթերում։ Ավելի ուշ Հայկ Կոնջորյանը հանդես է եկել գրառմամբ, որ պատրաստ է այդպիսի հանդիպման, նաև՝ Արթուր Վանեցյանի հետ։ «Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է նա։
Արաքսյա Սնխչյան
Կարծիքներ