Կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը

Կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

Արևմտյան Աֆրիկայում կլիմայի փոփոխությունը սպառնում է կակաոյի համաշխարհային արտադրությանը։

Կլիմայի անթրոպոգեն փոփոխությունները հանգեցնում են շոգի ուժեղացմանը Արևմտյան Աֆրիկայում, որտեղ կենտրոնացած է կակաոյի համաշխարհային արտադրության մեծ մասը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում բիզնեսի վրա և հանգեցնում գների զգալի աճի, ասվում է Climate Central կազմակերպության ուսումնասիրության մեջ։

2022 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի փետրվարը կակաոյի գներն աճել են 136%-ով, և դրա պատճառներից մեկը Արևմտյան Աֆրիկայի կակաոյի գոտու ծայրահեղ կլիմայական պայմաններն են, որտեղ արտադրվում է աշխարհի կակաոյի 70%-ը։

Նշվում է, որ կակաոյի աճի համար օպտիմալ է մինչև 32° ջերմաստիճանը։ Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է նվազեցնել բերքի որակը և քանակությունը, մինչդեռ կլիմայի փոփոխությունն ավելի էքստրեմալ ջերմություն է բերում կակաո աճեցման հիմնական շրջաններին: Բացասական ազդեցություն է ունենում նաև հորդառատ տեղումների ավելացումը:

Վերլուծությունը կենտրոնացել է չորս առաջատար արտադրող երկրների՝ Կամերունի, Կոտ դ’Իվուարի, Գանայի և Նիգերիայի կակաոյի աճեցման 44 խոշոր շրջանների վրա: Կլիմայի փոփոխությունը ամենամեծ ազդեցությունն է ունեցել Կոտ դ’Իվուարի և Գանայի կակաո աճեցման շրջանների վրա, որոնք միասին արտադրում են աշխարհի կակաոյի կեսից ավելին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում