Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ
Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։
Այս մասին, «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ նախօրիեն կապ է հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց տեղահանվելու հետ կապված տեղեկություններ չկան։
«Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,-նշել է նա։
Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն այն նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են տեղահանվածների համար։
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։
Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,-նշել է արցախցի պաշտոնյան։
Կարծիքներ