Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահները. Փաշինյան

Փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։
Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
««Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։
«Մարգարա» սահմանային կետի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունից ելք և Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ուժերով, որովհետև բոլոր այդպիսի (գործող և չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը»,- ասվում է վարչապետի գրառման մեջ։
Կարծիքներ