Չինական նավերը մտել են Արևելաչինական ծովի վիճելի կղզիների տարածք
Չորեքշաբթի Չինաստանի ծովային ոստիկանության չորս պարեկային նավեր մտել են Արևելաչինական ծովի վիճելի Սենկակու (Դիաոյու) կղզիների մոտ գտնվող տարածք, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի ծովային անվտանգության վարչությունը չինական նավերին զգուշացրել է լքել տարածքը։ Մինչդեռ չինական նավերը գտնվում են Սենկակու կղզիների մոտ վերջին 20 օրվա ընթացքում։
Սենկակու կղզիների շուրջ վեճը սրվեց այն բանից հետո, երբ 2012 թվականի սեպտեմբերին Տոկիոն հայտարարեց, որ դրանք գնում է մասնավոր սեփականատերերից, ովքեր Ճապոնիայի քաղաքացիներ են: Դրանից հետո ՉԺՀ-ում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ճապոնական ռեստորանների ու ձեռնարկությունների ոչնչացմամբ։ Այդ ժամանակից ի վեր չինական նավերը մշտապես շրջում են վիճելի արշիպելագի մոտ և ցուցադրական այցելություններ են կատարում նրա ափամերձ գոտի։
Կարծիքներ