Վարձկանությունից բխող վտանգները տարածաշրջանային բնույթի են. ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով աշխատանքային խմբին
ՄԱԿ Վարձկանների կիրառման հարցերով՝ որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը խոչընդոտող միջոց, աշխատանքային խումբը Ռավինդրան Դանիելի գլխավորությամբ փետրվարի 20-27-ն աշխատանքային այց է կատարել Հայաստան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, աշխատանքային խմբի այցի նպատակն էր ուսումնասիրել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան» վավերացնելուց հետո Հայաստանում գործող իրավական դաշտը և կոնվենցիայի իրականացման համար ձեռնարկվող միջոցները։
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 20-ից 22-ը աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ: Այնուհետև խմբի ներկայացուցիչները աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզի Կապան քաղաք, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի Կապանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում Վարձկանների հարցերով աշխատանքային խումբը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Փետրվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ամփոփիչ հանդիպում, որի ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրել է այցի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև նախնական գնահատականներն ու առաջարկությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամփոփիչ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է, որ վարձկանությունը և դրանից բխող վտագներն ունեն տարածաշրջանային բնույթ, ինչի վկայությունն է 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկանների լայն օգտագործումը: Նշվել է, որ տարածաշրջանային վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ներգրավվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և խորացնելու համագործակցությունը Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի մանդատի շրջանակներում:
Կարծիքներ