Սգո օրը Բեյրութում բախումների պատճառով 80-ից ավելի մարդ է վիրավորվել

Սգո օրը Բեյրութում բախումների պատճառով 80-ից ավելի մարդ է վիրավորվել

Արմատական կազմակերպությունների մասնակիցները խափանել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում անցկացվող հանրահավաքը, որը կազմակերպվել էր Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի առաջին տարելիցի առթիվ: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների ժամանակ արցունքաբեր գազի կիրառումից առնվազն 84 մարդ է տուժել: Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ջորջ Կետտանեն:

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել խորհրդարանի շենքի մոտակայքում և տևել առնվազն երեք ժամ: Ըստ Կարմիր Խաչի տեղի մասնաճյուղի Twitter-յան գրառման՝ բախումների վայրում աշխատել է շուրջ 100 բուժաշխատող, ժամանել է 21 շտապօգնության մեքենա: Տուժածներից 13-ը տեղափոխվել են հիվանդանոց, մնացածներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում:

Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ակտիվիստների դեմ, վերջիններս էլ իրավապահների վրա նետել են քարեր և շշառումբեր: Կեսգիշերին մոտ հաջողվել է բազմությանը ցրել Բեյրութի կենտրոնից, սակայն ցուցարարները տեղափոխվել են Ջումեյզի և Սաիֆի շրջաններ:

Ըստ ներքին անվտանգության ուժերի վարչության՝ ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը: Առավել կատաղի բախումներ են տեղի ունեցել Հեռահաղորդակցության նախարարության մոտ՝ բանկերի և քաղաքապետարանի փողոցում: Ցուցարարները հարձակվել են այնտեղ գտնվող մի քանի գրասենյակների վրա և հրկիզել դրանցից մեկը: Հրդեհն արագ մարվել է: Ոստիկանությունը բերման է ենթարկել անկարգությունները նախաձեռնողներից երկուսին:

Գերատեսչությունը նաև հերքել է այն տեղեկությունները, թե ակտիվիստների վրա կրակել են ռետինե և սովորական փամփուշտներով:

2020 թվականի օգոստոսի 4 -ին Բեյրութում հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Ողբերգությունը 200-ից ավելի մարդու կյանք էր խլել, 6 հազարից ավելի մարդ վիրավորվել էր, քաղաքի մի մասն՝ ավերվել: Պայթյունի պատճառը ամոնիումի նիտրատի մեծ քանակությունն էր, որը պահվում էր Բեյրութի նավահանգստում՝ առանց անվտանգության կանոնների պահպանման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում