Պատվաստումային շարժական կետերն ակտիվ աշխատում են. ՀՀ ԱՆ
Մայիսի 5-23-ը ներառյալ Երևանում և մարզերում գործող պատվաստումային շարժական կետերում իրականացվել է 2876 պատվաստում, որից` 2205-ը «ԱստրաԶենեկա»-ով, 313-ը՝ «Սպուտնիկ Վի»-ով, 358-ը՝ «ԿորոնաՎակ»-ով։
Նշենք, որ շարժական կետերն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին:
Երևանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաև «Դալմա գարդեն մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում: Գյումրիում` Վարդանանց հրապարակում, Վանաձորում` Հայքի հրապարակում, Դիլիջանում` քաղաքապետարանի հարևանությամբ:
«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է 26562 պատվաստում:
Կարծիքներ