Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ
արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել
նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի
տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ
շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին
կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր:
Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց
վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն
Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Նախորդ տարվա
իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է
համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի:
Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Կարելի է ասել՝
որոշների հետ աշխատանքային փորձ ունենք, որոշակի աշխատանքներ
կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով
կտրված չի եղել արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացից,
և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ աշխատանքի
համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու:
Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար
ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված
ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական
ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում,
համատեղ իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց
նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու: Համոզված եմ՝
համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»:
Կարծիքներ