Արտակ Գալստյանը ներկայացրեց մի քանի հանգամանք ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար

Արտակ Գալստյանը ներկայացրեց մի քանի հանգամանք ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար

Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը եզրափակիչ ելույթում մի քանի հանգամանք ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու համար:

Գալստյանը նշեց, որ 658 տեղամասերում քվեաթերթիկները օրենքով սահմանված կարգով չեն պահպանվել:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ առարկեց, որ քվեաթերթիկները քվե են դառնում, երբ դրոշմանիշներ են փակցվում, որ ԿԸՀ-ն դեռևս 2018 թվականին նման որոշում է կայացրել և որպես փաստարկ բերեց այն, որ չօգտագործված քվեաթերթիկները տեղամասային արձանագրություններում չեն հաշվում, և գործընթացը օրինական է: Կարծում ենք, որ ԿԸՀ-ի այս պատճառաբանությունը բացարձակապես չի կարող համարվել մեր ներկայացրած փաստարկների հերքում, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի հիմքով պատասխանողը չունի լիազորություն նման որոշում կայացնելու, այդպիսի լիազորություն նրան չի տալիս Ընտրական օրենսգիրքը: Ավելին, քվեաթերթիկները չհրկիզվող պահարանում պահելու պահանջը իմպերատիվ կերպով սահմանված է հենց Ընտրական օրենսգրքով: Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և օրենքները պարտադիր են կատարման համար: Հետևաբար, պատասխանողի 2018 թվականի որոշումը և դրանից բխող գործողությունները 658 տեղամասերում օրինական համարվել չեն կարող»,- ընդգծեց Գալստյանը:

Արտակ Գալստյանը նաև ներկայացրեց իր փաստարկները նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, ատելության խոսքի և այլ խախտումների մասին:

«Ելնելով այս ամեն ինչից, խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,- եզրափակեց Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում