Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու. Արտակ Զաքարյան
«Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցով ակտիվ աշխատանքներ տանել, ակտիվացնել արտաքին քաղաքականությունը:
Այս մասին ասուլիսում ասաց դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արտակ Զաքարյանը:
Նա շեշտեց, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը քարոզարշավը սկսել է հենց Արցախից: «Մեր դաշինքի քարոզարշավը սկսվեց Արցախից, որովհետև Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու: Արցախի կարգավիճակի հարցը ՀՀ անվտանգության կարևորագույն էլեմենտներից մեկն է, մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կոմունիկացիաների խաղաղ գործակցության կարևորագույն էլեմենտներից մեկն է, և մենք դրան անպայման հասնելու ենք»,- ասաց Զաքարյանը:
Նա շեշտեց, որ իրենց դաշինքն ունի միջազգային լայն աջակցություն՝ իր մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ըստ Զաքարյանի՝ դա խոսում է այն մասին, որ իրենք նաև արտաքին քաղաքականության ակտիվացմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր գործիքակազմերով շատ արագ կարողանալու են ոտքի կանգնեցնել Հայաստանի արտաքին գործընկերությունը, վստահություն ձեռք բերել, արժանապատիվ համագործակցություն սահմանել և դրանով շատ արագ տեմպերով հիմքեր դնել ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման համար:
Ըստ նրա՝ քաղաքական դաշտը գնում է ընտրության և շարունակում է պայքարել գործող վարչապետի պաշտոնակատարի դեմ՝ Հայաստանը դուրս բերելու ճահճից:
«Ճահճից դուրս գալու մի շարք ելքեր կան, և կան դաշտում քաղաքական ուժեր, որոնք շարունակ մատնանշում են դրա անհրաժեշտությունը, դրանով պայմանավորված էլ կառուցում իրենց քարոզչությունը: Մեր հասարակությունն ունի ընտրության լայն հնարավորություն՝ քանակական իմաստով, բայց որակական իմաստով ընտրության մեծ հնարավորություն չունի»,- ասաց Զաքարյանն ու հույս հայտնեց, որ հասարակությունն իր ձայնը տալու է բոլոր այն պատասխանատու քաղաքական ուժերին, որոնք սրտացավ են պետության համար:
Կարծիքներ