Լիբանանից Իսրայելի Հայֆա քաղաքի վրա 105 արկ է արձակվել
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ երկրի հյուսիսի ամենամեծ քաղաքը՝ Հայֆան, զանգվածային գնդակոծության է ենթարկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանից այդ ուղղությամբ արձակվել է շուրջ 85 արկ, այնուհետև՝ ևս 20 արկ։
Ըստ շտապօգնության ազգային ծառայության՝ տուժել է առնվազն մեկ մարդ։ «Արկերի մեծ մասը կալանվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։ Այդ շրջանում արկերի ընկնելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել», - հայտարարել են զինվորականները։
Առաջին գնդակոծությունից 30 րոպե անց Հայֆայի ուղղությամբ արձակվել է ևս 20 արկ, որոնցից մի քանիսը կալանվել է։ Այսպիսով, մոտ կես ժամում Լիբանանի կողմից 105 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։
Ըստ The Times of Israel պարբերականի տեղեկատվության՝ հրթիռակոծության հետևանքով տուժել են շենքեր Հայֆայի շրջանում և նրա արվարձաններում։ԻՊԲ-ն նշում է, որ իր հերթին հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիեի արվարձանին, որտեղ «Հեզբոլլահ»-ը մեծ ներկայություն ունի։
Այս հարվածներից առաջ օդային տագնապ է հայտարարվել Տիբերիա քաղաքի մերձակայքում։ ԻՊԲ-ն նշում է, որ Լիբանանի կողմից 25 արկ է արձակվել Ստորին Գալիլեայի ուղղությամբ, որն ընդգրկում է Տիբերայի շրջանը։
Կարծիքներ