Նազելի Բաղդասարյանը Գյումրի է վերադառնում մարզի խնդիների ամբողջ սպեկտրը հասկանալով

Նազելի Բաղդասարյանը Գյումրի է վերադառնում մարզի խնդիների ամբողջ սպեկտրը հասկանալով

Շիրակի նորանշանակ մարզպետը Գյումրի է վերադառնում խնդիրների եւ բարդությունների ամբողջ սպեկտրը հասկանալով: Այս մասին նոյեմբերի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի նորանշանակ մարզպետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ին ստորագրած որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Ի դեպ, սա Քաղաքացիական Պայմանագրի  կողմից մարզի արդեն 4-րդ մարզպետի նշանակումն է: Լրագրողների այն հարցին, թե արդյոք վերջին նշանակումն իրականացվել է դեկտեմբերին մարզի մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ՔՊ դիրքերն ամրացնելու համար, մարզպետը հերքեց:  «Այո՛, ՏԻՄ ընտրությունների արդյունքները եղել են ազդակ, և թիմի ներսում որոշակի փոփոխություններ իրականացրել ենք, չեմ թաքցնում, այս կադրային փոփոխությունը կապված է դրա հետ, բայց  մարզպետը քաղաքական պաշտոն չէ: Այո, ինձ համար կարևոր է ՔՊ-ի հաղթանակը համայնքներում, բայց շարունակելու եմ գործել իմ լիազորությունների շրջանակում՝ իմ առջև դնելով միայն ու միայն Շիրակի մարզի զարգացումը»,- ասաց նորանշանակ մարզպետը: Ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում, կարևորելով քաղաքացու քվեն,  ՔՊ-ն պետք է հաշվի նստի այդ որոշման հետ. «ՔՊ-ի համար հաղթանակն ինքնանպատակ չէ: Կարևորը ժողովրդի արդար քվեով ընտրված համայնքի ղեկավարն է, և ով էլ այն ժամանակ անցնի որպես մարզպետ, առաջինը ես եմ նրան շնորհավորելու»,- նշեց մարզպետը:

Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձնման առաջարկություն եղել է կառավարությունից, մինչ համաձայնություն տալը տեւական ժամանակ մտածել է առաջարկության մասին։ «Կարծել եմ, որ պետք է պատվով շարունակել այն գործը, որն իմ գործընկերները սկսել են, եւ պետք է հնարավորինս կարողանամ կառավարության իրականացրած ծրագրերը, նախանշված այն անելիքները, որոնք կապված են մարզի հետ, արդյունավետ կերպով ներկայացնել եւ նպաստել դրանց իրագործմանը։ Շիրակի մարզպետի պաշտոնի ստանձնումը պատասխանատու որոշում է։ Ընդունելով վարչապետի առաջարկը՝ այս ծանր եւ դժվարին փուլում որոշել եմ վերադառնալ մարզ՝ գիտակցելով Շիրակի մարզի խնդիրների եւ բարդությունների ամբողջ սպեկտրը, հասկանալով, որ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, որոնք պետք է լուծել։ Հույս ունեմ, որ նվիրումով աշխատանքը եւ գիտելիքների այն համեստ պաշարը, որն ունեմ, կկարողանամ ծառայեցնել հօգուտ Շիրակի մարզի»,- ասում է նա։

Մարզում խնդիրները շատ են, որպես առաջնահերթություն գյուղական անօթևանությունն ու վթարային շենքերն են, իսկ գերիների խնդիրը միշտ եղել ու մնում է Նազելի Բաղդասարյանի ուշադրության կենտրոնում: Լինելով օրենսդիր մարմնում ու կապը միշտ պահելով հայրենի քաղաքի հետ, նա խնդիրներին ծանոթ է՝ ԱԺ-ն միշտ վեր է հանել այդ խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում