Երասխահուն գյուղի 22-ամյա բնակիչը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել. Ոստիկանություն

Երասխահուն գյուղի 22-ամյա բնակիչը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել. Ոստիկանություն

Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 13 տարեկան աղջիկ էին առևանգել, ինչի մասին ահազանգել էր վերջինիս մայրը:

«Պարզվել է, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ»,-  նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ է ստացվել՝ այս անգամ անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամների կողմից: Վերջիններս հաղորդել են, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։

Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվել և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման են ենթարկվել նաև նրա ընկերները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում